Ինչ է Դորպերը
Դորպեր ոչխարի ցեղը և նկարագրությունը
Դորպեր ոչխարները համարվում են աշխարհում ամենաբարձր գնահատվող ոչխարի մսատու ցեղը՝ շնորհիվ բարդ պայմաններում աճելու և զարգանալու, և միաժամանակ բարձրակարգ միս ապահովելու իրենց ունակության։
Այս ցեղի պատմությունը սկսվել է Հարավային Աֆրիկայում, որտեղ Dorset Horn ցեղի ոչխարները խաչասերվել են Blackhead Persian ցեղի ոչխարի հետ՝ ստեղծելով մի կենդանի, որը կարող էր արագ քաշ հավաքել, հեշտ ծին ապահովել և դիմանալ կոշտ կլիմայական պայմաններում։ Այս ամբողջ համադրությունը Դորպերին բերել է համաշխարհային ճանաչում, և այժմ Հայաստանը ևս բացահայտում է նրա ներուժը։
Դորպերները հեշտ ճանաչելի են իրենց հարթ մազածածկով, սև գլխով և սպիտակ մարմնով (Blackhead Dorper) կամ ամբողջությամբ սպիտակ գույնով (White Dorper)։ Դորպերները մորթածածկ չեն, նրանք մազածածկ են, ինչի պատճառով խուզում չեն պահանջում, որը ֆերմերների համար խնայում է ամենամյա խուզման ծախսերը՝ հատկապես բրդի շուկայի ներկայիս բացակայության պայմաններում։ Նրանց մազածածկն անընդհատ փոխվում է տարվա եղանակից կախված՝ այս ցեղը դարձնելով քիչ ծախսատար մսատու ոչխարների լավագույն ընտրություններից մեկը։
Դորպերները պոչավոր ոչխարներ են, ոչ դմակավոր՝ ինչպես տեղական ոչխարների մեծ մասը։ Այդ պատճառով Դորպերի ճարպը կուտակվում է մկանային հյուսվածքներում, նրանց միսը դարձնելով ավելի փափուկ և հյութալի, մինչդեռ դմակավոր ոչխարների մոտ ճարպը կուտակվում է հենց դմակի մեջ՝ միսը դարձնելով ավելի կոշտ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Դորպերների միսն ունի հագեցած ճարպերի ավելի բարենպաստ հարաբերակցություն՝ դմակավոր ոչխարների մսի համեմատ, ինչը Դորպերների միսը դարձնում է բարենպաստ մարդու սրտանոդային համակարգի համար։
Վերարտադրողական Հատկանիշները
Դորպերներն առանձնանում են վերարտադրողական բարձր ցուցանիշներով։ Ի տարբերություն բազմաթիվ ավանդական ցեղերի՝ նրանց ծինը սեզոնային չէ և տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Ճիշտ կառավարման դեպքում կարող են ապահովել երկու տարում երեք ծին։ Հղիության միջին տևողությունը հինգ ամիս է, իսկ երիտասարդ շիշակները կարող են զուգավորվել յոթ-ութ ամսականում՝ բավարար աճի պայմաններում։ Երկվորյակները շատ հաճախակի են, իսկ գառները ծնվում են առողջ, ամուր և արագաճ։
Աճի Արագություն և Մսի Որակ
Աճի արագությունը Դորպերին դարձնում է բարձրարժեք ցեղատեսակ։ Դորպեր գառները սովորաբար հասնում են մորթի քաշին հինգից յոթ ամսականում բնական արոտային պայմաններում, իսկ հավելյալ կերակրման դեպքում՝ նույնիսկ ավելի շուտ։ Նրանց կենդանի քաշը մորթի ժամանակ սովորաբար հասնում է 38–50 կգ, իսկ կարկասի քաշը՝ 18–25 կգ-ի։
Դորպերի միսը շատ փափուկ է, հյութալի և չունի այն սուր «ոչխարի հոտը», որը հաճախ նկատվում է ավանդական ցեղերի մոտ։ Քանի որ Դորպերը թեթև մազածածկ ունի և արտադրում է շատ քիչ լանոլին, միսը մնում է մաքուր համով և հաճելի բույրով։
Համեմատություն Հայկական Տեղական Ցեղերի Հետ
Հայաստանում Դորպերը ունի զգալի առավելություն։ Տեղական ոչխարների մեծ մասի մորթի կենդանի քաշը հազիվ կազմում է 28–30 կգ, և ավելի մեծ տարիքում քան Դորպերը։ Նրանց կարկասները սովորաբար ավելի մանր են, ճարպի ավելի քիչ պարունակությամբ, և նրանք պահանջում են ավելի երկար արոտային շրջան՝ համապատասխան բտվածությանը հասնելու համար։
Դորպերները ոչ միայն ավելի արագ են քաշ հավաքում, այլև նույն արոտից ստանում են ավելի բարձր արդյունք՝ ապահովելով ավելի շատ միս մեկ հեկտար արոտից, քան տեղականները։
Կերակրման և Արոտների Օգտագործման Հատկանիշներ
Դորպեր ոչխարների պահանջվածության գլխավոր պատճառներից մեկը նրանց կողմից օգտագործվող արոտների բազմակողմանիությունն է։ Նրանք հիանալի աճում են տարբեր տեսակի արոտավայրերում՝ սկսած առատ գարնանային խոտածածկից մինչև չոր, թփուտավոր լանջերը։ Դորպերները ոչ միայն ուտում են խոտ, այլ նաև թփեր և լայնատերև բույսեր, որոնք ոչխարների շատ ցեղեր պարզապես անտեսում են։
Նրանց արդյունավետ կերակրումը թույլ է տալիս կիրառել վերականգնողական արածեցում՝ վերականգնելով հողը և միաժամանակ ապահովելով բարձր արտադրողականություն։
Դորպերի Հարմարվողականությունը Հայաստանյան Լանդշաֆտներին
Հայաստանի լեռնային և կլիմայական բազմազան պայմանները լավ համադրվում են Դորպերի հարմարվողականության հետ։ Դորպերները կարողանում են դիմանալ ինչպես բարձր ջերմաստիճաններին, այնպես էլ ցրտին՝ հասարակ ծածկի և քամարգելի առկայության դեպքում։ Նրանց ամուր սմբակները և մարմնի կառուցվածքը թույլ են տալիս հեշտությամբ շարժվել լեռնային բարդ տարածքներով և արդյունավետ օգտվել լանջային արոտներից։
Հայաստանում մի շարք մարզեր առանձնանում են Դորպերի համար իդեալական պայմաններով։ Տավուշի մարզը հարմար է իր երկար արոտային սեզոնով, խառը անտառա-մարգագետնային տարածքներով՝ ապրիլից նոյեմբեր առատ բնական կերով։ Լոռու մարզը հարմար է լայն ալպիական և սուբալպիական արոտավայրերով, զով ամառներով և բարձր սննդարար խոտով։ Գեղարքունիքը բարենպաստ է Սևանի ավազանի հարուստ մարգագետիններով, և երկարատև արոտային սեզոնով։ Արագածոտնը, մասնավորապես Ապարանի շրջանը և Արագած լեռան լանջերը՝ չոր լեռնային արոտավայրերով, որտեղ Դորպերը առանձնապես արդյունավետ է։ Սյունիքը՝ հակտապես Գորիսից մինչև Կապան ընկած խառը լանդշաֆտները՝ համադրելով թե՛ չոր, թե՛ խոնավ արոտներ, կատարյալ են Դորպերի համար։
Այս բոլոր շրջաններում առկա է կրկնվող մի առավելություն. Դորպեր ոչխարները արոտավայրից ստանում են ավելի շատ արժեք՝ համեմատած տեղական ցեղերի հետ։ Նրանք աճում են ավելի արագ նույն արոտներում, ավելի շատ քաշ են հավաքում և ունենում են ավելի հաճախակի ծին։ Դրանք արածում են ավելի շատ բուսատեսակներ, ավելի լիարժեք օգտագործելով անհարթ ու խառնակազմ արոտավայրերը։ Վերջապես, Դորպեր ոչխարները ֆերմերներին առաջարկում են ավելի արժեքավոր ապրանք՝ բարձրակարգ միս, որը կարող է վաճառվել ինչպես տեղական շուկաներում, այնպես էլ դրսում՝ նիշային լայն հնարավորություններով:
Դորպեր ոչխարները բազմակողմանի և արդյունավետ ցեղ են՝ բարձրորակ միս, բարձր վերարտադրողականությամբ և հարմարեցվողությամբ։ Դորպերը Հայաստանում ֆերմերներին տալիս է հնարավորություն բարձրացնել արտադրողականությունը, առավելագույնն օգտագործել արոտները և ապահովել բարձրարժեք միս տեղական և արտահանման շուկաների համար։
Հայաստանում, մասնավորապես Mountain High Farms-ում, Դորպերները բուծվում են ամբողջ տարվա ընթացքում Դիլիջանի ազգային պարկում՝ կիրառելով վերականգնողական արածեցում, ինչը ապահովում է լավագույն որակի բարձրակարգ միս և ներկայացնում է հայկական ֆերմերության լավագույն արդյունքը։
Հեղինակ՝ Աշոտ Պողոսյան
Mountain High Farms-ի համար


Leave a reply