Միկորիզային սնկեր, մոլորակի հավասարակշռությունը պահող կախարդական օրգանիզմներ

Միկորիզային սնկերը (Mycorrhizal fungi) դրանք հողի օրգանիզմների հետաքրքիր խումբ են, որոնք սիմբիոտիկ կապեր են ստեղծում հողի եւ բույսերի արմատների միջեւ: Սնկերի եւ բույսերի միջեւ այս հին գործընկերությունը, որը սկիզբ է առել ավելի քան 400 միլիոն տարի առաջ, կարեւոր դեր է խաղում էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում: Մարդկանց եւ մոլորակի համար միկորիզային սնկերի դերը կրիտիկական է, հատկապես վերականգնող արածեցման համատեքստում:

Որտեղից եւ երբ են առաջացել միկորիզային սնկերը

Միկորիզային սնկերն առաջացել են Երկիր մոլորակի էվոլյուցիոն պատմության խորքերում: Բրածո հայտնագործությունները վկայում են, որ այս սնկերն առաջացել են ավելի քան 400 միլիոն տարի առաջ Դեւոնյան շրջանում, նույն շրջանում երբ բույսերը սկսել են գաղութացնել ցամաքը։ Վաղ բույսերը չունեին բարդ արմատային համակարգեր, ուստի սննդարար նյութեր եւ ջուր ստանալու համար սիմբիոզի մեջ են մտել միկորիզային սնկերի հետ։

Այս սնկերը, հավանաբար, ունեցել են ջրային նախնիներ, որոնք նման են եղել ժամանակակից խիտրիդոմիցետային սնկերին: Ժամանակի ընթացքում նրանք հարմարվել են ցամաքային էկոհամակարգերին` փոխադարձ կապեր ստեղծելով վաղ ցամաքային բույսերի հետ: Այս համագործակցությունը հնարավորություն է տվել բույսերին հարմարվել եւ բազմազանանալ ցամաքում, ձեւավորելով մոլորակի ցամաքային լանդշաֆտներն այն տեսքով, որոնք առկա են մեր ժամանակներում: Ըստ էության, եթե չլինեին միկորիզային սնկերը՝ չէր լինի կյանքը Երկիր մոլորակի վրա։

Այսօր միկորիզային սնկերը հանդիպում են ամենուր, որ աճում են բույսեր։ Բույսերի հետ նրանց սիմբիոտիկ կապը հաստատում է նրանց կարեւորությունը բնության համար։

Միկորիզային Սնկերը. Հողի, Բույսերի եւ Կենդանիների Առողջական Կապը

Միկորիզային սնկերը օգնում են բույսերին հողից կլանել սննդանյութեր, հատկապես ֆոսֆոր, որի պարունակությունը հողում սահմանափակ է։ Սնկերը հողում իրենց մանրաթելային ցանցը տարածելով մեծացնում են բույսերի՝ սննդանյութեր կլանելու մակերեսը, իսկ բուսերը միկորիզային սնկերին սնում են շաքարներով եւ այլ օրգանական նյութերով։ Այս փոխադարձ փոխանակությունը բույսերին ապահովում է միներալներով, իսկ միկորիզային սնկերին՝ բույսերի ֆոտոսինթեզից ստացվող արտադրանքով։ Այս փոխհամագործակցությունն օգնում է բույսերին դեմադրել հարուցիչներին եւ ամրապնդել բույսերի առողջությունը եւ աճը։

Հողի, բույսերի եւ կենդանիների միջեւ առողջ փոխկապակցվածությունը վերականգնողական գյուղատնտեսոթյան կարեւորագույն տարրերից է, մինչդեռ միկորիզային սնկերը առանցքային դեր են խաղում այս կապի ամրապնդման գործում: Նրանց ազդեցությունն ավելին է քան առանձին օրգանիզմների փոխգործակցությունը, այն ընդգրկում է ամբողջական էկոհամակարգեր, նպաստելով առողջության եւ արտադրողականության շղթային:

Միկորիզային սնկերը բարելավում են հողի կառուցվածքը` հողի մասնիկները միավորելով խառնուրդների մեջ, բարելավելով հողի օդափոխությունը, հողում ջրի ներթափանցումը եւ պահպանումը: Միկորիզիալ սնկերի մանրաթելային ցանցերը գործում են որպես սննդանյութերի շրջանառության միջանցքներ, օրգանական նյութերը քայքայելով կենսօգտագործելի ձեւերի, որոնք բույսերը կարող են կլանել: Այս գործունեությունը բարձրացնում է հողում օրգանական նյութերի պարունակությունը, նպաստելով դրա բերրիությանը եւ դիմացկունությանը:

Սնկերը նաեւ կարեւոր դեր են խաղում ածխածնի կլանման գործում` կայունացնելով օրգանական ածխածինը հողի խառնուրդներում: Այս գործընթացը նվազեցնում է մթնոլորտային CO2-ի մակարդակը եւ բարելավում հողի առողջությունը, դարձնելով այն ավելի արտադրողական բույսերի եւ կենդանիների համար:

Միկորիզային սնկերը զգալիորեն բարելավում են բույսերի սննդանյութեր եւ ջուր կլանելու  ունակությունները: Նրանց ընդարձակ մանրաթելային ցանցերը ձգվում են բույսերի արմատային գոտուց շատ հեռու, բույսերի համար հասանելի դարձնելով ֆոսֆորը եւ ազոտը, որոնք բույսերի համար այլապես կմնային անհասանելի: Այդ հասանելիությունը բույսերին դարձնում է ավելի առողջ, ուժեղ եւ դիմացկուն՝ երաշտների, վնասատուների եւ հիվանդությունների հանդեպ։

Բացի դրանից, սնկերի եւ բույսերի միջեւ սիմբիոտիկ հարաբերությունը նպաստում է բույսերի համայնքների միջեւ հաղորդակցությանը: Սնկային ցանցերը թույլ են տալիս բույսերին կիսվել ռեսուրսներով եւ տեղեկացնել միմյանց հնարավոր վտանգների մասին, ստեղծելով համագործակցող եւ կենսունակ էկոհամակարգ:

Արածեցվող կենդանիների առողջությունը անմիջականորեն կախված է նրանց կողմից սպառվող բույսերի որակից, որն իր հերթին կախված է բույսերի եւ հողի առողջությունից: Միկորիզային սնկերը բարձրացնում են արոտային բույսերում սննդանյութերի խտությունը, ապահովելով, որպեսզի կենդանիները ստանան հավասարակշռված սննդակարգ, հարուստ անհրաժեշտ նյութերով: Սա, իր հերթին, բարելավում է նրանց ընդհանուր առողջությունը, արտադրողականությունը, մսի ու կաթնամթերքի որակը:

Ավելին, միկորիզային սնկերը նպաստում են վերականգնողական արածեցման կիրառմամբ արոտավայրերի կենսաբազմազանության բարձրացմանը։ Այդ կենսաբազմազանությունը ոչ միայն նպաստում է կենդանիների առողջությանը, այլեւ նվազեցնում արոտների գերարածեցման ռիսկը, պահպանելով էկոհամակարգի երկարաժամկետ կենսունակությունը:

Միկորիզային Սնկերը եւ Վերականգնողական Արածեցումը

Վերականգնողական արածեցումը դա հողի առողջության սկզբունքների եւ կենդանիների բնական վարքագծի համադրման վրա հիմնված տեխնոլոգիա է։ Այն ներդաշնակում է միկորիզային սնկերի ազդեցությունը հողի առողջության հետ, ինչը բարելավում է թե՛ հողի, թե՛ էկոհամակարգի առողջությունը:

Վերականգնողական արածեցումը խթանում է բույսերի արմատների աճը եւ շրջանառությունը: Արմատային համակարգերի այս անընդհատ նորացումը միկորիզային սնկերին հնարավորություն է տալիս գաղութացնել եւ ընդլայնել իրենց ցանցերը հողի մեջ: Սնկերը, իր հերթին, ուժեղացնում են արմատների ջրի եւ սննդանյութերի կլանման ունակությունները, ստեղծելով փոխադարձ օգուտի շղթա:

Վերականգնողական մեթոդով արածեցվող կենդանիները արոտային տեղամասերում համահավասար կերպով թողնում են պարարտուք՝ ,հարուստ օրգանական նյութերով եւ սննդանյութերով: Միկորիզային սնկերը մշակում են այս նյութերը, քայքայելով դրանք ձեւերի, որոնք բույսերը կարող են հեշտությամբ կլանել: Այս բնական սննդանյութերի շրջանառությունը նվազեցնում է սինթետիկ պարարտանյութերի կարիքը, նպաստելով ինքնաբավ էկոհամակարգին:

Միկորիզային սնկերի մանրաթելային ցանցերը միացնում են հողի մասնիկները, ստեղծելով կայուն խառնուրդներ: Վերականգնողական մեթոդով արածեցվող կենդանիների ներկայությունը լրացուցիչ նպաստում է սնկերի այդ գործունեությանը` օրգանական նյութերը սեղմելով հողի մակերեսին, ուժեղացնելով սնկային գաղութացումը եւ հողի օդափոխումը:

Վերականգնողական արածեցման մեթոդները խթանում են բույսերի առողջ աճը եւ արմատների զարգացումը: Միկորիզային սնկերը մթնոլորտային CO2-ը տեղափոխում եւ պահուստավորում են հողի խորքերում, փոխակերպելով այն օրգանական ածխածնի: Այս համագործակցությունը արոտավայրերը դարձնում է մթնոլորտային ածխածնի հզոր կլանիչներ:

Սնկերը բարելավում են արոտային բույսերի սննդանյութերի խտությունը, ապահովելով արածեցվող կենդանիների սննդակարգը: Բացի դրանից, կենսաբազմազանությամբ հարուստ արոտավայրերը ստեղծում են տարբեր այլ բուսատեսակների քանակի ավելացում՝ աջակցելով միկորիզային սնկերի համայնքների բազմացմանը եւ առավել դիմակայուն էկոհամակարգերի ստեղծմանը:

Վերականգնոէական եւ խիտ ինտենսիվ խմբային արածեցման մեթոդները նպաստում են օրգանական նյութերի հավասարաչափ բաշխմանը եւ կանխում գերարածեցումը, խթանելով միկորիզային սնկերի համար այդքան անհրաժեշտ առողջ արմատային համակարգերը: Սինթետիկ պարարտանյութերի, սնկասպաններ եւ խոտասպան նյութերի օգտագործման սահմանափակումը թույլ է տալիս միկորիզային սնկերին բարգավաճել եւ անկաշկանդ իրականացնել իրենց բնական գործառույթները:

Միկորիզային սնկերը անփոխարինելի բաղադրիչ են առողջ հողեր, դիմակայուն էկոհամակարգեր եւ կայուն երկրագործական համակարգեր ստեղծելու գործում: Նրանց ինտեգրումն արածեցման վերականգնողական մեթոդներին նպաստում է հողերի կառավարման համապարփակ մոտեցմանը, որը օգտակար է թե՛ բնության, թե՛ մարդկության համար: Այս բնական գործընկերությանն աջակցելով մենք կարող ենք ստեղծել մի ապագա, որտեղ գյուղատնտեսությունն ու էկոլոգիական հավասարակշռությունը ներդաշնակ են, ապահովելով առողջ Մոլորակ ապագա սերունդների համար։

Հեղինակվել է Աշոտ Պողոսյանի կողմից՝ Mountain High Farms-ի համար

Leave a reply