
Հայաստանի Անասնապահության Անկման Խնդիրը
Պատճառներ, հետևանքներ և հնարավոր լուծումներ
Ներածություն
Անցած տարի մեր հրապարակած հոդվածում (https://mountainhighfarms.net/հայկական-գյուղատնտեսության-ճգնաժամն/ ) վերլուծել էինք Հայաստանի գյուղատնտեսության ճգնաժամը, դրա պատճառները և առաջարկել էինք մի շարք պարզ, գործնական լուծումներ։ Այդ ժամանակից ի վեր իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ, դատելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, անասնապահությունը մտել է արագընթաց անկման փուլ, որից վերադարձն այս պահին չի երևում։
Թվային պատկերը
Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու տարում՝ 2014-ին, երկրում կար շուրջ 677,500 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի (ԽԵԿ)։ 2025-ին այդ թիվը նվազել է մինչև 475,335, այսինքն՝ 202,165 գլուխով կամ մոտ 30%-ով։ Այս տվյալները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանում անասնապահությունը գտնվում է լրջագույն անկման մեջ։
Չնայած այդ կտրուկ անկմանը, մսի ներմուծման ծավալները ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են։ Եթե 2015-ին Հայաստան էր ներմուծվում 5.4 հազար տոննա տավարի միս (ազգային պահանջարկի շուրջ 8%-ը), ապա 2024-ին ներկրումը հասել է 8.6 հազար տոննայի, որը կազմում է պահանջարկի մոտ 12.5%։ Միևնույն ժամանակ՝ տավարի մսի գները Հայաստանում աճել են 2.5–3 անգամ, սակայն անգամ այդ գների պայմաններում անասնագլխաքանակը շարունակում է նվազել։ Արդյունքում, Հայաստանի սպառողը ամեն տարի ավելի շատ է վճարում օտարերկրյա՝ հիմնականում ԵԱՏՄ երկրների (Ռուսաստան, Բելառուս) ֆերմերներին։ Այսօր Հայաստանի սպառման պահանջարկի շուրջ 50%-ը բավարարվում է ներմուծմամբ։ Դա նշանակում է, որ Հայաստանի սպառողը տարեկան մոտ 320 միլիոն դոլար է վճարում օտարերկրյա ֆերմերներին՝ մսի համար։
Պատճառների վերլուծություն
Այսօր Հայաստանում ԽԵԿ ընդհանուր գլխաքանակի ընդամենը 1.7%-ն է գտնվում իրավաբանական անձանց՝ ֆերմերական ընկերությունների ձեռքում։ Դրանք որոշ ներդրումներ իրականացրած, տեխնիկապես հագեցած տնտեսություններ են, սակայն խիստ փոքրաթիվ։ Մնացած 98.3%-ը պատկանում է ֆիզիկական անձանց՝ գյուղաբնակ ընտանիքներին, որոնք զբաղվում են տնային կամ փոքրածավալ անասնապահությամբ։ Այս ֆերմաները հիմնականում գործում են հնացած և անկայուն մոդելով՝ գենետիկորեն թույլ կենդանիներով, առանց տնտեսական արդյունավետության հաշվարկների։ Կենդանիները տարվա մեծ մասը՝ մոտ ինը ամիս, պահվում են գոմերում և սնվում ձեռք բերված կերով։ Մնացած ամիսներին արածում են գյուղամերձ տարածքներում, հաճախ՝ անկառավարելի ձևով, ինչը հանգեցնում է արոտների դեգրադացիայի և անապատացման։ Բացի այդ, գյուղերում հաճախ բացակայում են սանիտարական բաժանարար գծերը, ինչի հետևանքով տարածվում են վարակիչ հիվանդություններ, առաջանում են մեծ կորուստներ և բարձր անասնաբուժական ծախսեր։ Արդյունքում ստացվում է քիչ և անորակ կաթ ու միս, որոնք իրացվում են էժան գնով։ Վառելիքի և կերերի գների աճը վերջնականապես դարձնում է նման տնտեսությունը ոչ շահութաբեր։ Գյուղաբնակ ֆերմերը տեսնում է, որ ավելի շատ է ծախսում, քան ստանում, և ի վերջո ստիպված վերացնում է իր կենդանիներին։ Այդ կերպ շուկան զբաղեցնում են ռուսական և բելառուսական խոշոր ֆերմաները՝ էժան կերի, բարձր արտադրողականության և առանց մաքսատուրքի արտոնյալ պայմանների շնորհիվ։
Իրավաբանական ֆերմաների մարտահրավերները
Խոշոր ֆերմերական ընկերությունները, որոնք պահում են ԽԵԿ-ի մոտ 1.7%-ը, նույնպես դժվարությամբ են դիմակայում։ Չնայած որ ունեն ավելի լավ գենետիկա և որոշ տեխնոլոգիական հագեցվածություն, դրանց գործունեությունը հիմնված է ներմուծվող կերերի և սարքավորումների վրա, ինչը խոցելի է դարձնում նրանց շուկայի տատանումների և ԵԱՏՄ մրցակցության առջև։ Այս ֆերմաները կարող են լինել մրցունակ միայն տեղական շուկայում և միայն այն դեպքում, եթե արտադրում են վերջնական արտադրանք՝ տեղական պանիրներ, մածուն, կաթնամթերք և այլն։ Իսկ արտահանման շուկաները նրանց համար գրեթե փակ են՝ բարձր ինքնարժեքի և ցածր մասշտաբայնության պատճառով։
Լուծումներ
Հայաստանի անասնապահության վերակենդանացման բանալին, մեր համոզմամբ, գտնվում է հեռավոր արոտավայրերի վրա հիմնված վերականգնողական արածեցման մոդելում։ Այն թույլ կտա արտադրել միս և կաթ առանց ներկրվող կերերի, նվազեցնել ծախսերը վառելիքի, շինարարության և սարքավորումների վրա, վերականգնել արոտավայրերը և բարձրացնել հողի կենսունակությունը, և Հայաստանը դարձնել միս ներմուծողից արտահանող երկիր։ Այս թեմայի վերաբերյալ մանրամասն կարդացեք մեր կայքի «Հոդվածներ» բաժնում։
Հեղինակ՝ Աշոտ Պողոսյան
Մաունթեն Հայ Ֆարմս


Leave a reply