Ձմեռային արածեցում, կամ ինչպես ձմեռը դարձնել արածեցման սեզոն

Լեռնային ֆերմաներում ձմեռը ավանդաբար համարվում է աշխատանքի դադարեցման շրջան։ Ձյունը գալուն պես կենդանիները տեղափոխվում են փակ տարածքներ, և սկսվում է հավաքված կամ գնված կերով կերակրումը՝ խոտ, սիլոս, հացահատիկ և ամենօրյա մեխանիկական աշխատանք մի քանի ամիս շարունակ։ Այս համակարգը տասնամյակներ շարունակ օգտագործվել է, ուստի թվում է բնական։ Սակայն կենսաբանական տեսանկյունից արածող կենդանիների համար այն բնական չէ։

Խոշոր և մանր եղջերավորները պատմականորեն զարգացել են որպես միգրացիոն խոտակերներ մայրցամաքային կլիմայական պայմաններում, որտեղ ձմեռները երկար, քամոտ և սառը են եղել։ Նրանց գոյատևումը հիմնված է եղել շարունակական շարժման վրա, ոչ թե փակ շինությունների մեջ ապաստանելու վրա։ Կերը մարսելիս կենդանիների ստամոքսային տրակտի խմորման գործընթացն արտադրում է մեծ քանակությամբ ջերմություն, ձմեռային մազածածկույթը ապահովում է բարձր ջերմամեկուսացում, իսկ ամառային և աշնանային սեզոնի ընթացքում կուտակած ճարպային պաշարները կայունացնում են նյութափոխանակությունը։ Երբ կենդանիները մնում են դրսում և շարունակում արածել, նրանց ֆիզիոլոգիան աշխատում է բնական կերպով։

Ձմեռային արածեցումը կենդանիներին դժվարության մեջ չի դնում։ Դժվարությունը գալիս է վատ պլանավորումից։ Այսինքն, հաջողության և ձախողման տարբերությունը կառավարման մեջ է։

Ձմեռային կերակրման իրական արժեքը

Անասնապահական ֆերմաների ամենամեծ ծախսը ոչ թե հողն է, կենդանին կամ ցանկապատը, այլ մեխանիկորեն հավաքված կերը։ Խոտի յուրաքանչյուր կիլոգրամ պահանջում է հնձում, չորացում, կապում, տեղափոխում, պահեստավորում և բաշխում։ Դրանից հետո գոմաղբը (բնական և ամենա արդյունավետ պարարտուքը, որը միայն գոմում է վերածվում աղբի, որի կառավարումը դեռ պահանջում է ծախսեր) դեռ պետք է առանձին կառավարվի, քանի որ այն կուտակվում է մեկ վայրում։

Լեռնային տարածքներում այս աշխատանքը դառնում է ավելի թանկ։ Լանջերը մեծացնում են վառելիքի ծախսը, արագ մաշեցնում տեխնիկան և բազմապատկում աշխատանքը։ Չորսից հինգ ամիս խոտ կերակրելը նշանակում է, որ տնտեսությունը ժամանակավորապես դադարում է լինել արոտային էկոհամակարգ և վերածվում է տեղափոխման համակարգի։

Երբ կենդանիներն իրենք են հավաքում արոտային կերը, այս շղթայի գրեթե ամբողջությամբ վերանում է։ Արոտը պահեստավորում է կերը, կենդանին հավաքում է այն, իսկ պարարտուքն անմիջապես վերադառնում է հողին՝ նպաստելով բերրիությանը։ Ձմեռային արածեցումը հաջողությամբ կիրառող տնտեսությունները սովորաբար նվազեցնում են ձմեռային կերակրման ծախսերը կեսից մինչև երկու երրորդի չափով, միաժամանակ կրճատելով աշխատանքը տարվա ամենադժվար շրջանում։

Ինչու է արոտը շարունակում աշխատել ձյան տակ

Ջերմաստիճանի անկումով արոտը չի կորցնում իր արժեքը։ Սառը կլիմայում խոտերը բնական կերպով «պահպանվում» են։ Մանրէաբանական քայքայումը զգալիորեն դանդաղում է, և ձյունը հաճախ պաշտպանում է բույսերը ավելի լավ, քան դրսում կուտակված հնձված և կապված խոտը։ Ձմեռային արոտը փաստորեն դառնում է բնական սառնարան։

Նպատակն, ուրեն, ձմռանը աճող խոտն արածեցնելը չէ, այլ պահպանված խոտն արածեցնելը։

Ամառային սեզոնի ընթացքում բույսերի հասունացմանը զուգահեռ կենդանիներին անհրաժեշտ էներգիան մնում է բավարար, իսկ սպիտակուցը աստիճանաբար նվազում է։ Սակայն ճիշտ պլանավորման դեպքում կենդանիները իրենց սննդային կարիքների մեծ մասը ստանում են անմիջապես արոտից նույնիսկ ձմռան ընթացքում։

Պահուստային արածեցում — կերի պահեստավորում առանց հնձելու

Ձմեռային արածեցման հիմքը պահուստային արածեցումն է։ Ամռան վերջում արոտի մի մասը չի արածեցվում մոտ երկու-երեք ամիս։ Բույսերը վերականգնվում են և մնում կանգնած մինչև կենդանիները դրանք օգտագործեն ձմռանը։

Ճիշտ կառավարման դեպքում այսպիսի արոտը կարող է արտադրել մոտ 4–5 տոննա չոր նյութ մեկ հեկտարի վրա։ Կախված կենդանիների չափից և ձմռան պայմաններից՝ դա կարող է կեր ապահովել մի քանի կովի համար մոտ մեկ ամիս։ Սկզբունքը պարզ է՝ արոտը դառնում է կերի պահեստ։

Արածելիս կենդանիները հավասարաչափ բաշխում են պարարտուքը և բուսական մնացորդը սեղմում հողի մակերեսին՝ բարելավելով հողի օրգանական նյութը, խոնավապահությունը և գարնանային աճը։

Պլանավորումը սկսվում է ամռանը

Ձմեռային արածեցումը որոշվում է օգոստոսին, ոչ թե առաջին ձյունը գալուն պես։

Ընտրված հատվածները դուրս են բերվում արածեցման շրջանառությունից, մեկ անգամ կարճ արածեցվում են և թողնվում վերականգնման մոտ 60–80 օր։ Այդ ընթացքում արոտում կուտակվում է ձմեռային կերը։

Արածեցումը սկսվում է, երբ բույսերի աճը դադարում է ուշ աշնանը։ Կենդանիներին տրվում են փոքր հատվածներ շարժական ցանկապատերով՝ կերի արդյունավետ օգտագործման համար։ Արածեցումից հետօ տոտ 10 սմ բուսական մնացորդ է թողնվում՝ հողը պաշտպանելու և գարնանային աճը ապահովելու համար։

Հալոցքի ժամանակ կենդանիներին տեղափոխում են՝ հողի վնասումից խուսափելու համար։

Լեռնային լանդշաֆտի առավելությունը

Լեռնային արոտները հաճախ հատկապես արդյունավետ են այս համակարգում։ Սառը սեզոնի խոտերը մնում են կանգուն և դանդաղ են քայքայվում։ Անտառի եզրերը նվազեցնում են քամին և ստեղծում ավելի մեղմ միկրոկլիմա։

Ծառերը նաև բնական ապաստան են։ Կովերը կանգնում են անտառեզրերին կամ տեղանքի ծալքերում՝ նվազեցնելով էներգիայի կորուստը և բարձրացնելով կերի արդյունավետությունը։

Սնուցում և կենդանիների վիճակ

Ձմռանը սպիտակուցը նվազում է։ Չկթող հղի կովերին անհրաժեշտ է մոտ 7–9% հում սպիտակուց։ Սեզոնի վերջում հնարավոր է փոքր լրացուցիչ հավելում, սակայն դա շատ ավելի քիչ է, քան ամբողջական կերակրումը։

Ամենակարևորը ձմեռ մտնելու պահին կենդանու վիճակն է։ Լավ վիճակում գտնվող կենդանին հեշտ է հարմարվում։ Նիհար կենդանին խնդիր կունենա ցանկացած համակարգում։

Բաց պայմաններում կենդանիները հաճախ ավելի առողջ են, քան ցեխոտ և խոնավ փակ տարածքներում։ Լավանում են կճղակները, նվազում է շնչառական սթրեսը, և վարքը դառնում է ավելի հանգիստ։

Հողի օգուտները

Ձմեռային արածեցումը նաև հողի կառավարում է։

Պարարտուքը բաշխվում է ամբողջ տարածքում, բուսական մնացորդը պաշտպանում է հողը և սնուցում մանրէներին։ Գարնանը արոտը սկսում է աճել ավելի վաղ և հավասարաչափ։

Տնտեսությունը աստիճանաբար դառնում է ինքնավերականգնվող համակարգ։

Ձմռան նոր ընկալում

Ձմեռը չի դադարեցնում արածեցումը։ Այն փոխում է դրա կառավարումը։

Ճիշտ պլանավորման դեպքում արոտը դառնում է պահեստ, կենդանին՝ հավաքող, իսկ ֆերմերը կառավարում է շարժը, ոչ թե կեր է տեղափոխում։ Ծախսերը նվազում են, իսկ հողը բարելավվում է։

Լեռնային պայմաններում ձմեռը այլևս դադար չէ։ Այն դառնում է արածեցման տարվա բնական փուլ։

Հեղինակ՝ Աշոտ Պողոսյան

Mountain High Farms-ի համար

Leave a reply