
Անհայտ ծագման մսի վտանգները և ինչու է հետագծելիությունը կենսականորեն կարևոր
Այսօրվա գլոբալ սննդի համակարգում հետագծելիությունը՝ կենդանու կյանքը և կերակրման պատմությունը ֆերմայից մինչև սեղան հետևելու հնարավորությունը, պարենային անվտանգության հիմքն է։ Երբ այդ շղթան խզվում է, սպառողները կանգնում են անտեսանելի, բայց շատ լուրջ վտանգների առաջ։ Անհետագծելի միսը կարող է պարունակել հակաբիոտիկների մնացորդներ, հորմոններ, պեստիցիդներ, ծանր մետաղներ և այլ աղտոտիչներ, որոնք երկարաժամկետ առումով վնասում են մարդու առողջությանը։
Այս խնդիրը հատկապես կարևորություն է ստանում Հայաստանի համար, որտեղ շուկայում վաճառվող մսի մեծագույն մասը՝ ներառյալ և հատկապես արտերկրից ներկրվողը, անհետագծելի է։ Այդ հանգամանքը բերում է մի շարք վտանգներ, որոնք իմանալը կարծում ենք հույժ կարևոր է։
Վտանգը՝ կերի մեջ
Ժամանակակից համաշխարհային կերարտադրության ոլորտում տնտեսական ճնշումները և շահույթի անընդհատ աճի ձգտումն արտադրողներին ստիպում է զոհաբերել որակը հանուն եկամտաբերության։ Որպեսզի պահպանվի մրցունակությունը և բավարարվի էժան կերի պահանջարկը, արտադրողները հաճախ օգտագործում են ցածրարժեք հավելումներ, քիմիական նյութեր և գենետիկորեն փոփոխված բաղադրիչներ, որոնք առաջնահերթություն են տալիս արագ աճին՝ կենդանու առողջության հաշվին։ Արհեստական վիտամինները, հակաբիոտիկների մնացորդները, ծանր մետաղները և թունաքիմիկատներով աղտոտված հացահատիկը հաճախ ներառվում են կերերի բաղադրության մեջ՝ արտադրական ծավալներն ու շահույթը պահպանելու նպատակով։ Այս արդյունաբերական մոտեցումը ստեղծել է մի համակարգ, որտեղ արդյունավետությունն ու եկամտաբերությունը գերակայում են թափանցիկությանը և անվտանգությանն՝ արդյունքում ստացվում են կերեր, որոնք ոչ միայն վնասում են կենդանիների առողջությանը, այլև երկարաժամկետ վտանգ են ներկայացնում այն մարդկանց համար, ովքեր օգտագործում են այդպիսի կերերից ստացված մթերքներ։
Արդյունքում շուկաներում գերակշռում են չվերահսկվող, խտացված կերերը։ Այն կենդանիները, որոնք կերակրվում են այդ անվերահսկելի խտացված կերով, հաճախ կլանում են անհայտ ծագում ունեցող բաղադրիչներ՝ երբեմն պեստիցիդներով կամ արդյունաբերական մնացորդներով աղտոտված։ Այս նյութերը կուտակվում են մկանային հյուսվածքներում և ճարպերում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման կենդանիների մսում հաճախ հայտնաբերվում են կապարի, կադմիումի, մկնդեղի և սնդիկի բարձր պարունակություններ, որոնք վնասում են երիկամները և նյարդային համակարգը, ինչպես նաև բարձրացնում են քաղցկեղի ռիսկը։
2022 թվականին Frontiers in Public Health-ում հրապարակված միջազգային ուսումնասիրությունը զգուշացնում է. «Մսի և կերի մեջ հայտնաբերված հակաբիոտիկների մնացորդներն առաջացնում են գլոբալ առողջապահական խնդիր, քանզի դրանք կարող են նպաստել հակաբիոտիկների հանդեպ դիմադրողականություն մանրեների մոտ և առաջացնել ալերգիկ ռեակցիաներ»։ Թափանցիկություն չունեցող տնտեսություններում հաճախ անտեսվում է բուժումից հետո անհրաժեշտ սպասման շրջանը, ինչի հետևանքով հակաբիոտիկների մնացորդները մնում են մսում։
Հորմոններ, հակաբիոտիկներ և մարդու առողջություն
Արդյունաբերական անասնաբուծությունում աճի արագացման և հիվանդությունների կանխարգելման համար լայնորեն կիրառվում են աճի հորմոններ և հակաբիոտիկներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բազմիցս ընդգծել է, որ հակաբիոտիկների չարաշահումը առողջ կենդանիների մոտ նպաստում է մանրէների դիմադրողականության տարածմանը՝ դարձնելով այն համաշխարհային մասշտաբի սպառնալիք։ Ինչպես նշված է ԱՀԿ-ի հայտարարությունում (2017 թ.).
«Դադարեցրեք հակաբիոտիկների օգտագործումը առողջ կենդանիների մոտ՝ հակաբիոտիկների դիմադրության տարածումը կանխելու համար»։
ԱՀԿ, 2017
Նույն մտահոգությունը վերաբերում է նաև հորմոնալ մնացորդներին․ չնայած բազմաթիվ երկրներում դրանց կիրառումը սահմանափակվում է, սակայն անհետագծելի միսը կարող է պարունակել հորմոնային հետքեր, որոնք երկարաժամկետ հեռանկարում խաթարում են մարդու հորմոնային հավասարակշռությունը։
Քաղցկեղ, սրտային հիվանդություններ և քրոնիկ ռիսկեր
2015 թվականին Միջազգային քաղցկեղի ուսումնասիրության գործակալությունը (IARC) արդյունաբերական պայմաններում վերամշակված միսը դասել է որպես մարդկանց համար քաղցկեղածին (1-ին խումբ), իսկ կարմիր միսը՝ որպես հավանաբար քաղցկեղածին (2Ա խումբ)։ Ըստ այդ գնահատման՝ ընդամենը 50 գրամ նման վերամշակված մսի ամենօրյա օգտագործումը 18%-ով բարձրացնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը։ Անհետագծելի միսը, որը անցնում է թույլ վերահսկողություն, հաճախ մեծացնում է այդ վտանգները։
Բացի այդ, վերջին տասնամյակների խոշոր մեթա-վերլուծությունները՝ մոտ 2 միլիոն մասնակիցների ներառմամբ, ցույց են տալիս, որ անհետագծելի կարմիր և վերամշակված մսի բարձր սպառումը կապված է սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարային դիաբետի ավելի մեծ հավանականության հետ։ Երբ այս ամենին ավելանում են կերերի աղտոտման կամ քիմիական մնացորդների հետևանքները, ռիսկերը բազմապատկվում են։
Դասեր Հայաստանի փորձից
Հայաստանում վերջին տարիներին իրականացված փորձաքննությունները ևս հաստատում են խնդրի իրական լինելը։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը և տեղական հետազոտողները պարբերաբար հայտնաբերում են պեստիցիդների թույլատրելի մակարդակները գերազանցող մնացորդներ մրգերում և բանջարեղենում։ 2025 թվականին Բեգլարյանի և համահեղինակների ուսումնասիրությունը առաջինն էր, որը գնահատեց քլորպիրիֆոսի (chlorpyrifos) մակարդակները հայկական լոլիկում և վարունգում՝ արձանագրելով քաղցկեղածին ազդեցություն ունեցող մնացորդների առկայություն։
Թեև այս տվյալները վերաբերում են բույսերին, դրանք ընդգծում են ընդհանուր վտանգը․ եթե գյուղատնտեսական մուտքային միջոցներն ու կերը պատշաճ չեն վերահսկվում, աղտոտիչները հեշտությամբ անցնում են կենդանիների օրգանիզմ և, վերջապես, մարդու սննդի մեջ՝ ամբողջ սննդային շղթայով։
Ինչու է հետագծելիությունը դառնում լուծում
Վստահելի հետագծելիության համակարգը հնարավորություն է տալիս գրանցել յուրաքանչյուր կենդանու կերի աղբյուրը, բուժումները և շարժը։ Սա թույլ է տալիս․
- Արագ հետ կանչել շուկա հասած աղտոտված միսը,
- Վերահաստատել կերի և վետերинарական դեղերի անվտանգության պահպանումը, ներառյալ սպասման ժամանակահատվածները,
- Ապահովել արտահանման և սպառողի վստահություն՝ ցույց տալով թափանցիկություն «ֆերմայից մինչև սեղան» մոտեցմամբ։
Եվրոպական սննդային անվտանգության մարմինները (EFSA) և ՄԱԿ-ի ՊՇԿ-ն (FAO) նշում են, որ լիարժեք հետագծելիությունը բազմիցս կանխել է խոշոր սննդային ճգնաժամեր՝ օրինակ՝ դիոքսիններով աղտոտված խոզի դեպքը Եվրոպայում 2000-ականներին, քանի որ հնարավոր է եղել արագ նույնականացնել և հետ կանչել վտանգված խմբաքանակները։
Հետագծելիությունը պարզապես վարչարարություն չէ․ դա պաշտպանություն է։ Այն պաշտպանում է սպառողներին թունավոր մնացորդներից, հակաբիոտիկային դիմադրողականությունից և քաղցկեղածին նյութերից՝ միաժամանակ խրախուսելով այն ֆերմերներին, ովքեր ներդրում են կատարում մաքուր և թափանցիկ արտադրության մեջ։
Ինչպես ցույց են տալիս թե՛ միջազգային, թե՛ հայկական հետազոտությունները՝ երբ մենք կորցնում ենք մսի հետագծելիությունը, մենք կորցնում ենք վերահսկողությունը մեր սննդի հանդեպ։ Իսկ դրա հետևանքները չափվում են աճող քաղցկեղային հիվանդություններով, սրտային խնդիրներով և հակաբիոտիկների դիմադրությամբ։ Հետևաբար՝ ամեն մի մսի կտորի ծագման վերահսկումը ամենահուսալի միջոցն է հանրային առողջությունն ու վստահությունը պաշտպանելու համար։
Հեղինակ՝ Աշոտ Պողոսյան, Mountain High Farms-ի համար
Leave a reply
Leave a reply